Փախստական ի կարգավիճակ Արցախից բռնի տեղահանված բնակչությանը հապշտապ տրամադրելը ՀՀ կառավարության նախաձեռնությունն էր․ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի դիտարկումն է։ Միջազգային կառույցները, ըստ նրա, որևէ ձևով չէին պարտադրում փախստական կամ այս կամ այն կարգավիճակը տալ՝ հասկանալով, որ մեր դեպքում իրավիճակը մի փոքր այլ է։
“Ես ինձ հետ բերել եմ իմ անձնագիրը։ Ըստ էության, սա ՀՀ անձնագիր է և ոչնչով չի տարբերվում դրանից։ Եթե կարդաք ՀՀ անձնագրի մասին օրենքը, կտեսնեք, որ անգամ շապիկի և բնութագրության բովանդակությունը ոչնչով չի տարբերվում ՀՀ քաղաքացիությունը հավաստող անձնագրից, ասում է Ստեփանյանը։
Բռնի տեղահանումից հետո արցախցիներին որպես փախստական ճանաչելուց հետո ՀՀ իշխանությունը տեղահանված անձանց անձնագիրը ներկայացնում էր որպես «ճամփորդական փաստաթուղթ»՝ իբր տրվել է նրանց ազատ տեղաշարժի իրավունքը չսահմանափակելու համար․ Սակայն Արցախի ՄԻՊ-ը այստեղ ևս «անհարթություն» է տեսնում՝ մեջբերելով Հայաստանի Հանրապետությունում փախստականին տրվող Կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի մասին օրենքը, որի 3-րդ կետում ասված է․ «Փաստաթղթի շապիկը կապույտ գույնի է: Շապիկի երեսի վերևի ձախ անկյունը 45 աստիճան թեքությամբ երիզվում է միմյանցից 10 մմ հեռավորությամբ և 3 մմ հաստությամբ երկու գծով: Շապիկի երեսի վերևի մասում տպագրվում են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառերը: Շապիկի կենտրոնում պատկերվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Շապիկի ներքևի մասում տպագրվում են «ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ (1951 Թ. ՀՈՒԼԻՍԻ 28-Ի ԿՈՆՎԵՆՑԻԱ)» բառերը»։
Արցախցիների անձնագրերում երբեք չեք տեսնի նման բառեր․ ասում է նա։ «Եթե մենք ՀՀ լիիրավ քաղաքացի չենք, ապա ինչպե՞ս է ինձ մոտ հայտնվել ՀՀ նույնականացման քարտը։ ՀՀ նույնականացման քարտի մասին օրենքի 2-րդ հոդվածն ասում է․ «Նույնականացման քարտ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու (այսուհետ` քաղաքացի) ինքնությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար» »,-ևս մեկ փաստարկ է բերում Արցախի ՄԻՊ-ը։
Այս ամենից պարզ է դառնում, որ արցախցիների անձնագրերը լիովին համապատասխանում են ՀՀ ցանկացած բնակավայրում ծնված ու ապրող ՀՀ քաղաքացու անձնագրին․ Սա վկայում է, որ արցախցիներին ՀՀ-ի տարածքում ժամանակավոր պաշտպանության տակ առնելը կամ փախստականի կարգավիճակ տալը ոչ այլ ինչ էր, քան քաղաքական որոշում։
Իրինա Հայրապետյան