Ադրբեջանը վտանգ է Արցախի 5000-ից ավելի հայկական հուշարձանների համար

Արցախում մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 27–ը վկայագրված եւ պետական ցուցակներով հաստատված էր 4112 հուշարձան։ 2021-22 թթ.–ին շարունակվել էր հուշարձանների վկայագրումը եւ պահպանական գոտիների կազմումը։ 2009-ից մինչեւ 20 թթ.–ը կազմած է եղել մեր պատմաճարտարապետական հուշարձանների մոտ 1500 պահպանական գոտի։ -Մեծ աշխատանք էր կատարվել այդ հուշարձանները տեղորոշելու համար։ Դրանց ամրակայման որոշակի աշխատանքներ կատարելու նպատակով ստեղծվել էին մի քանի արգելոցներ։ Այդ ուսումնասիրությունների, պեղման, վկայագրման արդյունքների հիման վրա, կարելի է ասել, Արցախում պատմամշակութային արգելոցների ցանց էր ստեղծվել։ Վերջինը հենց Քաշաթաղի շրջանի Միրիկի պատմամշակութային արգելոցն էր, որ ստեղծվեց,-նշում է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ, Արցախի մշակույթի նախկին նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը։

44–օրյա պատերազմի հետևանքով, սակայն, Արցախի տարածքի մեծ մասը բռնազավթելուց հետո թշնամուն անցած հողերում մնացին 2000-ից ավելի հայկական պատմամշակութային հուշարձաններ։ 2021-23թթ-ին առավել մեծ թափով շարունակվեցին հուշարձանների վկայագրման եւ պահպանական գոտիների կազման աշխատանքները։ Ցավոք, այդ աշխատանքները 2023-ին ոչ այնքան ակտիվ էին արվում։ Ինչպես գիտենք, Արցախի ամբողջական շրջափակման եւ վառելիքի բացակայության պայմաններում շրջաններ գնալը գրեթե անհնարին էր։ Արցախի Հանրապետության մնացած, այսինքն մեր վերահսկողության տակ գտնվող, տարածքներից մոտ 700-800 հուշարձան նորից վկայագրվել են, այսինքն՝ մոտ 5000 հուշարձան է մնացել այնտեղ, որոնցից 430–ը վանքեր ու եկեղեցիներ են, մոտ 2400-ը՝ խաչքարեր, իսկ 400–ը հին գերեզմանոցներն են՝ նորերը չհաշված, ներկայացնում է պրն․ Հովհաննիսյանը։ Քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում եւ հետո Ադրբեջանը սկսեց Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման՝ մշակութային էթնոցիդի քաղաքականությունը։ Հայկական եկեղեցիների և վանական այն համալիրների մի մասը, որոնք կառուցվել էին հիմնականում միջնադարում՝ վաղ, զարգացած եւ ուշ միջնադարում, համարվեցին ուդիական։ Ուդիական հայտարարվեց թե՛ Հադրութի շրջանի, թե՛ Քաշաթաղի եւ թե՛ Քարվաճառի տարածաշրջանների եկեղեցիները։ Իսկ նոր կառուցված եկեղեցիները, 1994թ.-ից սկսած Արցախի անկախության ժամանակաշրջանում կառուցված հոգեւոր պաշտամունքային շինությունները սկսեցին աստիճանաբար ոչնչացնել։

Առաջին էդպես աղաղակող դեպքը դեռեւս 2020 թվականի նոյեմբերի վերջին, դեկտեմբերի սկզբին էր՝ Ջրականի Սուրբ Աստվածածին եկեղեցու ոչնչացումը , այնուհետև Շուշիի Կանաչ Ժամ եկեղեցու պայթեցումն էր՝ սկզբում գմբեթի եւ զանգակատան, ապա նաև նրա ամբողջական ոչնչացումը։ Նույն ճակատագրին է արժանացել 1997թ.–ին կառուցված եւ օծված Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին։ Սուրբ Նահատակաց եկեղեցին հիմա ցանցերով պատված է, և մեր տվյալներով, ամենայն հավանականությամբ, կարող է վերածվել մզկիթի։ Դա նոր քաղաքականություն է Ադրբեջանի մոտ, ասում է Լեռնիկ Հովհաննիսյանը և հավելում,- եթե հայկական մշակութային ժառանգության յուրացման քաղաքականությունը, որն Ադրբեջանը սկսել էր դեռեւս խորհրդային ժամանակաշրջանում և շարունակվում էր մինչև 90-ականների պատերազմն ու դրանից հետո, ըստ որի Արցախի, Ուտիքի, Սյունիքի եւ Նախիջեւանի տարածքներում մեր բոլոր քրիստոնեական հուշարձանները համարվեցին աղվանական, ապա հիմա նրանք նաև մի ուրիշ քաղաքականություն են որդեգրել, որը, հավանաբար, սովորել են իրենց ավագ եղբորից՝ Թուրքիայից, երբ եկեղեցիները վերածում են մզկիթների։

Իրինա Հայրապետյան

MORE NEWS