ԷԹԻԿԱ
HUMANNET.AM-ի մասնագիտական էթիկայի կանոնագիր
Humannet.am-ը լիովին անկախ, անկողմնակալ և ինքնաֆինանսավորվող լրատվամիջոց է։ Այն կարևորում է խոսքի ազատությունը, հանրության՝ տեղեկացված լինելու իրավունքը, անձանց իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև երեխաների շահերը։ Humannet.am-ի լրագրողները ազատ են ընտրելու փաստերը՝ պահպանելով տեղեկության ներկայացման համաչափությունն ու ճշգրտությունը։ Վերլուծական նյութեր պատրաստելիս նրանք կարող են ներկայացնել թեմայի վերաբերյալ իրենց մեկնաբանությունները՝ նյութի վերջում հստակ նշելով, որ իրենց տեսակետը կարող է չհամընկնել լրատվամիջոցի դիրքորոշման հետ։
- Անկողմնակալություն Տեղեկատվությունը պետք է ներկայացվի ստուգված, ճշգրիտ՝ ապահովելով բազմակարծությունը։ Փաստերը պետք է ընտրվեն համաչափ՝ եթե իրականում 10 փաստերից 3-ը դրական են, իսկ 7-ը՝ բացասական, ապա այդ համամասնությունը պետք է պահպանվի լրագրողական նյութի մեջ։ Լրագրողը պետք է ձգտի ներկայացնել բոլոր կողմերի տեսակետները. եթե որևէ կողմ հրաժարվում է տրամադրել տեղեկատվություն, ապա այդ մասին պետք է նշվի հրապարակման մեջ։ Տեղեկատվությունը պետք է ներկայացվի անկողմնակալ՝ անկախ որևէ քաղաքական ուժի, կրոնական խմբի, առևտրային կազմակերպության կամ այլ շահագրգիռ կողմի շահերից։
- Մարդու եւ քաղաքացիական իրավունքների հարգում Հեռարձակումներն ու հրապարակումները պետք է պաշտպանեն մարդու իրավունքներն ու ազատությունները՝ հաշվի առնելով մշակութային միջավայրը, տեղական սովորույթները, ավանդույթները և չգրված նորմերը։ Դրանք պետք է համապատասխանեն «մի՛ վնասիր» սկզբունքին։ Պատերազմական գոտիներում կամ այլ աղետի լուսաբանման ընթացքում կարևոր է հիշել, որ լրագրողի դերը տեղի ունեցողի մասին հաղորդելն է, այլ ոչ թե կողմ դառնալը։ Հեռարձակումներն ու հրապարակումները չպետք է պարունակեն որևէ անձի կամ խմբի հասցեին վիրավորանք կրոնական, էթնիկ, սոցիալ-տնտեսական կամ մշակութային հիմքերով։ Բացի այդ, պետք է խուսափել նյութերից, որոնք կարող են բորբոքել թշնամանք կամ դրդել բռնության։
- Լարված իրավիճակների լուսաբանում՝ հաշվի առնելով մասնակիցների եւ նրանց հարազատների իրավունքները Պատերազմների և բնական աղետների մասին հաղորդելիս կարևոր է հարգել տուժածների և նրանց հարազատների իրավունքները։ Պետք է խուսափել արյունալի տեսարաններ կամ վիրավորների ու զոհերի դեմքերը ցուցադրելուց։ Սակայն, եթե աղետի մասշտաբները և հանրության՝ տեղեկացված լինելու իրավունքը դա արդարացնում են, նման պատկերներ կարող են ցուցադրվել միայն խմբագրական կազմի հետ քննարկումից հետո։
- Երեխաների իրավունքների եւ շահերի պաշտպանություն Երեխաներին առնչվող բոլոր հրապարակումներում նրանց շահերը պետք է առաջնահերթ լինեն։ Հրապարակումները չպետք է վտանգեն երեխաներին կամ նրանց ենթարկեն հանրային ճնշման։ Եթե անհրաժեշտ է ընտրություն կատարել նյութի ազդեցությունն ուժեղացնելու համար երեխայի դեմքը ցուցադրելու կամ նրա ինքնությունը պաշտպանելու միջև, պետք է նախապատվությունը տրվի երեխային վնաս չպատճառելուն։ Անկախ տվյալ երկրի օրենսդրական պահանջներից, երեխաներին վերաբերող ցանկացած հրապարակում պետք է ունենա գոնե մեկ ծնողի կամ խնամակալի գրավոր կամ բանավոր համաձայնությունը։
- Կանանց եւ փոքրամասնությունների իրավունքների հարգում Կանայք և ազգային, կրոնական, սեռական, ռասայական և այլ փոքրամասնություններ, որպես խոցելի և հաճախ ոչ այնքան պաշտպանված խմբեր, պետք է պաշտպանված լինեն բոլոր հրապարակումներում։ Պետք է ջանքեր գործադրվեն, որպեսզի նրանց ձայնը լսելի լինի՝ ապահովելով, որ այն չկորչի «լռության պարույրի» մեջ։ Հրապարակումներ պատրաստելիս անհրաժեշտ է բոլոր միջոցները ձեռնարկել, որպեսզի նրանց բովանդակությունը չվնասի այս խմբերին։ Եթե դա անհրաժեշտ է, ապա պետք է ծածկել նրանց դեմքերը կամ օգտագործել միայն նրանց ձայնը, որպեսզի ապահովվի նրանց անվտանգությունն ու արժանապատվությունը։
- Կողմնակալությունից զերծ մնալը Նյութեր և հրապարակումներ պատրաստելիս մեր լրագրողները պետք է պահպանեն ժողովրդավարական արժեքներն ու մարդու իրավունքները՝ առանց աջակցություն հայտնելու որևէ օրենսդրական նորմի, քաղաքական օրակարգի կամ թեկնածուի, նույնիսկ եթե նրանք սատարում են այս արժեքները։ Անկողմնակալությունը պետք է պահպանվի բոլոր հրապարակումներում։ Մեր նյութերը պետք է հարգեն բոլոր ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, ինչպես դա նշված է Հելսինկյան եզրափակիչ ակտում, բայց չպետք է քարոզեն բաժանում կամ անջատողականություն։ Նույն կերպ, հարգելով տեղաշարժման և միգրացիայի ազատությունը, մեր հրապարակումները պետք է խուսափեն անհատներին որևէ կոնկրետ երկիր լքելու կոչեր անելուց։
- Մասնակցությունը հասարակական կյանքին Մեր լրագրողները ոչ միայն իրենց գործի մասնագետներ են, այլև քաղաքացիներ և հասարակության անդամներ։ Humannet.am-ը հարգում է նրանց՝ հասարակական կյանքին ակտիվ մասնակցելու, քաղաքացիական դիրքորոշում արտահայտելու, ընտրություններին մասնակցելու, իրենց կրոնն ազատորեն դավանելու և իրենց երեխաներին իրենց արժեքներին համապատասխան կրթելու իրավունքը։ Սակայն նրանք չպետք է իրենց անձնական գործունեության ընթացքում հիշատակեն Humannet.am-ի անունը։ Լրատվամիջոցի որևէ աշխատակից չպետք է ներգրավվի այնպիսի գործողություններում, որոնք կարող են վնասել Humannet.am-ի հեղինակությունը, խիստ անկողմնակալության կամ հաշվետվողականության սկզբունքները։ Մասնավորապես, աշխատակիցները պարտավոր են խուսափել աշխատանքի ընթացքում ընտրություններին վերաբերող ուղերձներով խորհրդանիշներ կրելուց կամ քաղաքական կողմնակալության այլ նշաններ ցուցադրելուց։ Նրանք նաև պարտավոր են զգուշավոր լինել սոցիալական ցանցերում։ Իրենց հրապարակումներում պետք է խուսափեն լրատվամիջոցի անունը հիշատակելուց՝ ապահովելով, որ հստակ լինի՝ արտահայտված կարծիքները սեփականն են և ոչ թե Humannet.am-ի։
- Գովազդ, մարքեթինգ եւ առաջխաղացում Մեր լրատվամիջոցում լուրերն ու գովազդը խիստ տարանջատված են։ Յուրաքանչյուր բաժին ունի իր առանձին պարտականություններն ու շահերը, և որևէ խումբ չպետք է փորձի ազդեցություն ունենալ մյուսի վրա։ Լրատվական բաժնի աշխատակիցները պարտավոր են պահպանել անկողմնակալությունն ու օբյեկտիվությունը՝ զերծ մնալով գովազդի կարիքների, նպատակների կամ խնդիրների վերաբերյալ քննարկումներից, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք ուղղակիորեն կապված են լրատվական բաժնի գործունեության հետ։ Երբեմն, խմբագրական թիմի հաստատմամբ, լրատվական բաժնի աշխատակիցները կարող են մասնակցել մարքեթինգային կամ առաջխաղացման նպատակով կազմակերպված ժողովներին։ Սակայն նրանք պետք է հավատարիմ մնան իրենց մասնագիտական պարտականություններին և խուսափեն առևտրային հարցերում ներգրավվելուց։ Լրատվական բաժնի որևէ աշխատակից, եթե խմբագրի կողմից հատուկ թույլտվություն չունի, չի կարող գովազդային բաժնին կամ գովազդատուներին տրամադրել տեղեկատվություն գովազդների ժամանակացույցի կամ բովանդակության, հոդվածների ժամանակացույցի կամ բովանդակության, ինչպես նաև աշխատակիցների կամ ֆրիլանսերների նշանակման հետ կապված հարցերի վերաբերյալ։
- Հեղինակային իրավունքներ Յուրաքանչյուր աշխատակից, ով նախատեսում է գրել ոչ գեղարվեստական գիրք կամ նկարահանել փաստագրական ֆիլմ՝ հիմնված իր աշխատանքի ընթացքում ձեռք բերած նյութերի վրա, պարտավոր է նախապես տեղեկացնել խմբագրակազմին և ստանալ նրանց թույլտվությունը։ Աշխատակիցներին արգելվում է ընդունել հրատարակչական առաջարկներ առանց լրատվամիջոցի նախնական հաստատման։ Բացի այդ, աշխատակիցները չպետք է հրապարակեն իրենց աշխատանքի ընթացքում ձեռք բերած որևէ նյութ, որը կարող է վնասել լրատվամիջոցի հեղինակությանը։ Աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում հավաքագրված բոլոր տեղեկությունները պետք է օգտագործվեն պատասխանատվությամբ և կազմակերպության ստանդարտներին համապատասխան։
- Լրագրողական աշխատանք Humannet.am-ից դուրս Մեր լրագրողները, ընդհանուր առմամբ, իրավունք ունեն ընդունել թղթակցելու առաջարկներ այլ լրատվամիջոցներից, եթե այդ լրատվամիջոցները Humannet.am-ի ուղիղ մրցակիցները չեն։ Համագործակցությունը մրցակիցների հետ արգելվում է։ Առցանց, տեքստային, վիդեո և աուդիո ձևաչափերով մեր հրապարկումների առաքելությունն ենք համարում ծառայել բարձր չափանիշների համապատասխանող լսարանին, որը գնահատում է մեր սկզբունքներին համահունչ լրագրությունը։ Մենք ձգտում են ապահովել որակյալ բովանդակություն բոլոր այն ձևաչափերով, որոնք առավել հարմար եւ հասանելի են մեր լսարանին։